ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
մայիս 7, 2026 | 8:0

«Ոսկե հորդայի» հետ Պուտինի աշխարհաքաղաքական դաշինքի չկայացման համար Հայաստանը պատասխանատու չէ

1IN.AM

2023 թ․ նոյեմբերի 4-ին Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի նոր «ընտրված» անդամների հետ։ Ի թիվս պատմական այլ անդրադարձների, նա խոսել է նաև Ոսկե հորդայի դարաշրջանի մասին։ «Հորդան թեև լկտի և դաժան էր, բայց ձեռք չէր տալիս տեղական բնակչության լեզվին, մշակույթին և սովորույթներին»,- ասել է Պուտինը և համեմատել, որ «արևմտյան նվաճողները հավակնում էին մշակույթին և սովորություններին, ինչը հանգեցրել է էթնոսի տարրալուծման սպառնալիքի»։

Այս համատեքստում նա նորովի է գնահատել Ալեքսանդր Նևսկուն, որ «երդում է տվել Հորդայի խաներին, իշխանական զինանշան ստացել, որպեսզի արդյունավետ դիմակայի Արևմուտքի նվաճողականությանը»։

Այդ թեզերը Պուտինը հնչեցրել է Ուկրաինայի դեմ պատերազմի երկրորդ տարում։ Ակնհայտ է, որ նա Ռուսաստանի թուրքական ինքնության ժողովուրդներին ներշնչել է պատմական անցյալի այդպիսի ընկալում, որպեսզի նրանց համախմբի «հատուկ ռազմական գործողության արդարացի նպատակներին հասնելու» պաշտոնական քարոզչության շուրջ։

Ոսկե հորդայի, իրականում՝ թուրքական աշխարհի, հետ Ռուսաստանի քաղաքակրթական համերաշխության և փոխադարձ հանդուրժողականության մասին Պուտինի պատմա-քաղաքական դիտարկումները հնչել են Ադրբեջանի կողմից Արցախում իրականացրած էթնիկ զտումներից մեկ ամիս հետո։

Դա այն շրջանն էր, երբ հայ բնակչությունը բռնատեղահանված էր, բայց Ռուսաստանի «խաղաղապահ զորախումբը» դեռ Լեռնային Ղարաբաղում էր, ինչպես նաև ֆորմալ պահպանվում էր Աղդամի ռուս-թուրքական «մոնիտորինգային կենտրոնը»։

Հետխոորհրդայյին «թուրքական աշխարհը», բայց հատկապես՝ Ադրբեջանը, Ռուսաստանի նախագահի «ռուսա-հորդայական ընդհանուր հենքի տեսության» հանդեպ, մեղմ ասած՝ «ընկալունակ չգտնվեց»։ Պուտինը ստիպված էր Լեռնային Ղարաբաղից «խաղաղապահ զորախումբը» դուրս բերել, իսկ Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» լուծարվեց։

Այսպիսով, Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացման պատճառը ոչ թե Հայաստանի «արևմտամետությունը», այլ Ադրբեջանի «ռուսատյացությունն» է, որ ամրագրված է այդ երկրի սահմանադրությամբ։ Այն պաշտպանված-ապահովագրված է թուրք-ադրբեջանական Շուշիի հռչակագրով, որից ետ քայլ խաղաղ-բանակցային ընթացքով բացառված է։

Ավելին, ռազմա-քաղաքական այդ դաշինքը «փաթեթավորված» է ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությամբ։ Իրականությունը սա է, որ Ռուսաստանի ռազմա-քաղաքական վերնախավի հաշվարկի հետևանք է, որի համար Հայաստանը ոչ մի պատասխանատվություն չի կրում։

Նյութի աղբյուր   https://www.1in.am/3713690.html