Ինչպե՞ս է փոխվել իշխող ուժի նախընտրական ցուցակը․ 2021-2026
2026 թվականի հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունները և դաշինքները հրապարակել են պատգամավորի թեկնածուների ընտրացուցակները։ 19 կուսակցություն և դաշինք ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, որոնցից ամենամեծ ընտրացուցակն ունի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ներառված է 293 մարդ, որոնցից 10-ը Հայաստանում առաջին չորս ամենամեծ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն են։
«Հետքն» ուսումնասիրել է ՔՊ-ի ցուցակի առաջին 100 թեկնածուների տվյալները, թե ինչ պաշտոն են զբաղեցնում, արդյոք եղել են 2021-ի հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում և այլն։ Մեր ուսումնասիրության համար ցուցակի առաջին 100 անձանց ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթահարի անցողիկ շեմը կամ մեծամասնություն կազմի, ապա, հիմնականում, առաջին 100-յակում ընդգրկված թեկնածուներն են դառնալու պատգամավոր։
Քանիսն են բարելավել իրենց դիրքերը ցուցակում՝ 2021-ի համեմատ
Կուսակցության ցուցակի առաջին 100 համարից 32-ը 2021-ին պատգամավորության թեկնածու չի եղել։ Այս թեկնածուներին, սակայն, նորեկներ չենք կարող համարել, քանի որ նրանց մեծ մասը պաշտոնյաներ են, այդ թվում՝ նախարարներ, մարզպետներ, Երևանի քաղաքապետը և այլն։ Մնացած 68 թեկնածուները եղել են նաև 2021-ի ցուցակում, որոնցից 41-ը բարելավել է դիրքերը, իսկ 24 թեկնածուների տեղը ցուցակում իջել է։ Ընտրացուցակի առաջին 100 թեկնածուներից 67-ը տղամարդիկ են, 33-ը՝ կանայք:
Ցուցակում միայն երեք թեկնածուի դիրք է անփոփոխ մնացել 2021-ի ցուցակի համեմատությամբ, նրանք են՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սուրեն Պապիկյանը՝ համապատասխանաբար զբաղեցնելով հետևյալ առաջին, երկրորդ և չորրորդ հորիզոնականները։ Իսկ երրորդ համարը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է՝ փոխարինելով Լիլիթ Մակունցին։
Ինչ պաշտոններ են զբաղեցնում թեկնածուները
ՔՊ կուսակցության ցուցակի առաջին 100 թեկնածուներից 88-ն այժմ պաշտոն է զբաղեցնում Ազգային ժողովում, Կառավարությունում, համայնքներում։ 12 թեկնածու պաշտոն չի զբաղեցնում, բայց նրանց մի մասը նախկինում եղել են նախարարներ, պատգամավորներ և այլն։
Այժմ պաշտոնավարող 12 նախարարից 10-ն ընդգրկված է նախընտրական ցուցակում, իսկ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ոչ։ Բոլոր 10 մարզպետները ցուցակում են, նրանցից միայն Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է, որ առաջին 100-ի մեջ չէ՝ զբաղեցնելով 118-րդ տեղը։ Վարչապետը և վարչապետի աշխատակազմի 7 պաշտոնյա ընդգրկվել են ցուցակում։
Ցուցակում են նաև Արագածոտնի մարզպետի տեղակալն ու խորհրդականը և Արարատի մարզպետի տեղակալը։ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետը ևս ներառված է ցուցակում։ Այսպիսով՝ ցուցակի առաջին 100 թեկնածուներից 31-ն այժմ պաշտոն է զբաղեցնում գործադիր իշխանությունում։
Ցուցակի առաջին 100-յակում 19 թեկնածու համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ են, այդ թվում՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ցուցակում նա 31-րդն է, իսկ 2021-ի ցուցակում չի եղել։ Ավինյանի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը 39-րդն է, 2021-ի ցուցակում նա 20-րդն էր։ Երևան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից երեք հոգի է ներառված ցուցակում։
Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավորներից 55-ը ցուցակում են, բայց առաջին 100-յակում՝ 38-ը (պատգամավորների ներգրավվածության մասին մանրամասները՝ ստորև)։
ՔՊ կուսակցության իշխանության ժամանակահատվածում պաշտոն զբաղեցրած քաղաքական գործիչներից ութը ևս ներառված են ցուցակի առաջին 100-յակում։ 23-րդ համարը Վիլեն Գաբրիելյանն է, որը 2025-ի ապրիլին վայր էր դրել պատգամավորական մանդատը, երբ Գյումրիում գինովցած վիճակում հայհոյել էր լրագրողներից մեկին։ 26-րդ համարն է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը, որը 2024-ի նոյեմբերին հրաժարական էր տվել։ Այդ շրջանում բազմաթիվ պաշտոնյաներ հրաժարական տվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով, այդ թվում՝ Սանոսյանը, որն այժմ Ամուլսարում ոսկու հանք շահագործող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում Կառավարության ներկայացուցիչն է։ 41-րդ համարը Շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանն է, որը 2025-ի հուլիսին ազատվել էր պաշտոնից։ 17-րդ համարն է Ռոմանոս Պետրոսյանը, որը վարչապետի որոշմամբ ազատվեց Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից և նշանակվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ։ Բացի նշվածներից, ցուցակի 100-յակում են նաև «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի նախագահ Սասուն Միքայելյանը, որը նախկինում մի քանի անգամ պատգամավոր է ընտրվել, Ռոման Համբարձումյանը՝ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, Գյումրի համայնքի ավագանու նախկին անդամ Վոլոդյա Հակոբյանը։
Որ պատգամավորներն են դուրս մնացել ցուցակից
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այժմ ունի 69 պատգամավոր [1], որոնցից 55-ն են ներառված կուսակցության ընտրական ցուցակում, նրանցից առաջին 100-յակում՝ 38-ը, ևս 14 պատգամավոր ներառված չէ ցուցակում։
Ցուցակում չընդգրկված պատգամավորներից մի քանիսը հայտարարել են, որ դա իրենց որոշումն է եղել, օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, Հակոբ Արշակյանը, Հրաչյա Հակոբյանը, Քրիստինե Պողոսյանը։ Նրանք դա բացատրել այլ գործունեությամբ զբավելու ցանկությամբ՝ բիզնես, արվեստ և այլն։
Որոշ պատգամավորներ ցուցակում չեն հայտնվել, քանի որ ՔՊ կուսակցության վարչությունը մերժել է նրանց դիմումները։ Այդ պատգամավորների թվում է նաև Հայկ Սարգսյանը, որը բողոքարկել էր վարչության որոշումը, բայց կուսակցությունը մերժել էր նրա բողոքը։ Հայկ Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ ցուցակում իրեն չներառելու պատճառն առցանց խաղատների հարկերը կրկնապատկելու մասին իր հեղինակած օրենքի նախագիծն է, որը դուր չի եկել վարչության անդամներից մի քանիսին։ Կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին՝ ինչու Հայկ Սարգսյանը չի ներառվել ցուցակում, ասել էր՝ «․․․այդ պատմությունը ընդամենը մի բանի մասին է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այդ թվում՝ իր անդամների ոչ կանոնավոր գործողությունը և կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու»:
Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի առաջին 100-յակի թեկնածուները, հիմնականում, գործող պաշտոնյաներ են։ Կուսակցության հաղթանակի պարագայում նրանց մի մասը, ենթադրաբար, կհրաժարվի պատգամավորական մանդատից և կնշանակվի նախարարի կամ այլ պաշտոնում, բայց այս իրավիճակում ևս, խորհրդարանը, հիմնականում, կձևավորվի ցուցակի առաջին 100 թեկնածուներից։ «Հետքը» հաջորդիվ կանդրադառնա մյուս կուսակցությունների թեկնածուներին։
[1] ԱԺ նախագահը և տեղակալները ևս ունեն պատգամավորական մանդատ․ ներառված են հաշվարկում։


