
Ռուսաստանում գաղտնի միջուկային օբյեկտների վերաբերյալ տվյալների խոշոր արտահոսք է տեղի ունեցել, որի արդյունքում երկու միլիոն փաստաթուղթ է հրապարակվել, այդ թվում՝ Յասնի քաղաքում գտնվող ռազմավարական նշանակության հրթիռային ուժերի բազաներից մեկի ամբողջական նախագծերը՝ հաղորդել են դանիական Danwatch և գերմանական Der Spiegel պարբերականները։
Այդ տվյալների հիման վրա, նշում է Danwatch-ը, կարելի է գնահատել Ռուսաստանի ամենապաշտպանված օբյեկտներում ռազմական միջուկային ենթակառուցվածքի արդիականացման ծավալները։ Ինչպես երևում է փաստաթղթերից, բազաները զանգվածաբար քանդվել ու վերակառուցվել են, կառուցվել են հարյուրավոր նոր զորանոցներ, դիտաշտարակներ, կառավարման կենտրոններ, պահեստներ և ստորգետնյա թունելներ։
Der Spiegel շաբաթաթերթը մանրամասն նկարագրում է Յասնի քաղաքի մոտ գտնվող ռազմավարական հրթիռային ուժերի բազան, որտեղ, ըստ Կրեմլի, 2019 թվականից ի վեր տեղակայվել է «Ավանգարդ» գերձայնային հրթիռը, որը միջուկային զենքի նորագույն համակարգերից մեկն է։ Հասանելի են դարձել բազայի կառուցման վերաբերյալ ամբողջական փաստաթղթեր, ինչպես նաև տարածքների հատակագծեր՝ զուգարաններից մինչև ճաշարաններ, ստորգետնյա թունելներից մինչև զենքի սենյակներ։
Ռուսաստանի Դաշնության Պետդուման միայն 2020 թվականի դեկտեմբերին է ընդունել օրենք, որը խստացրել է զինվորականների համար պետական գնումների կանոնները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ստեղծել է նոր փակ տվյալների բազա, որը հասանելի է եղել միայն ստուգված ռուսաստանյան ընկերություններին, ինչը, սակայն, չի օգնել։ Գնումների մասնակիցները երկար ժամանակ գաղտնի փաստաթղթեր են հրապարակել։ Danwatch-ի և Der Spiegel-ի հայտնաբերած ռազմավարական միջուկային բազաների գաղտնի գծագրերը կցված են եղել 2024 թվականի ամռանը հայտարարված դրամաշնորհներին, տեղեկացնում է DW-ն:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություններից։