ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
մայիս 12, 2025 | 16:0

«Քրդական բանվորական կուսակցությունն» ինքնալուծարվել է. ի՞նչ Թուրքիա է «կառուցվում»

1IN.AM

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ մայիսի 5-7-ին հրավիրված համագումարում «Քրդական բանվորական կուսակցությունը» կայացրել է ինքնալուծարման և Թուրքիայի դեմ զինված պայքարը դադարեցնելու որոշում: Որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է անցկացվել համագումարը, հայտնի չէ: Տարածված է գրավոր հաղորդագրություն, որտեղ ասված է, որ կուսակցության մարմինների լուծարումը «կանցնի նրա առաջնորդ Աբդուլլա Օջալանի անմիջական հսկողության ներքո»:

Հայտնի է, մինչդեռ, որ Օջալանը ցմահ ազատազրկման պատիժ է կրում Էգեյան ծովի Իմրալի կղզու բանտում: Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ անցած շաբաթներին նա «գաղտնի տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ ենթարկվել է աչքի վիրահատության»: ՔԲԿ լուծարման մասին քննարկումները Թուրքիայում սկսվել են անցյալ տարեվերջին: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Բահչելին:

Օջալանի և իշխանությունների միջև բանագնացի դերում հանդես էին գալիս քրդամետ DEM կուսակցության մի քանի պատգամավորներ: Ըստ որոշ տեղեկությունների, Թուրքիայի իշխանությունները նախապես մերժել են ՔԲԿ լուծարման դիմաց Օջալանին ներում շնորհելու առաջարկությունը: Անցյալ շաբաթ, սակայն, արդարադատության նախարարը Թունջը խոսել է դատապարտյալների պատժի կրման պայմանների բարելավման մասին, ինչից որոշ փորձագետներ եզրակացնում են, որ դա կարող է վերաբերվել նաև Օջալանին:

ՔԲԿ լուծարումը տեղի է ունենում «Թուրքիան առանց ահաբեկչության» կարգախոսի ներքո, բայց կուսակցության ինքնալուծարման մասին հաղորդագրության մեջ ասված է, որ «այժմ Թուրքիայի խորհրդարանը պետք է ապացուցի, որ հավատարիմ է հռչակած սկզբունքներին»: Նախտեսվու՞մ են օրենսդրական փոփոխություններ, թե՞ խոսքը համաներման մասին է, դեռևս պարզ չէ:

Քրդական շրջանակները մտահոգություն ունեն, որ Թուրքիայի կառավարությունը կմերժի հարևան երկրներում գործած քուրդ հատկապես զինվորական հրամանատարների հայրենադարձությունը: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Չելիկն ասել է, որ Թուրքիայի դեմ «ռազմական հանցագործություններ կատարած անձինք պետք է կամ անցնեն երրորդ երկիր, կամ հանձնվեն արդարադատությանը»:

Քրդական հարցը միայն Թուրքիայի ներքին խնդիրը չէ: Քրդական զինված պայքարի կենտրոնը վերջին տարիներին տեղափոխվել է Իրաքի հյուսիս, քրդերը փաստացի ինքնավարություն ունեն Սիրիայում, իրենց մասին հաճախակի զգացնել են տալիս Իրանում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ քրդական «ահաբեկչության դադարեցումը կփոխի ամբողջ տարածաշրջանը»:

ՔԲԿ ինքնալուծարումը, հավանաբար, կփոխի նաև այլ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունները: Անկարան մշտապես պնդել է, որ քրդերը հովանավորվում են այլ երկրներից, որ Թուրքիայի մասնատման ծրագիր ունեն: Վերջին շրջանում Անկարան նման մեղադրանքներ ներկայացրել է նաև Իսրայելին:

Ըստ երևույթին, պատահական չէ, որ ՔԲԿ ինքնալուծարման և զինաթափվելու մասին տեղեկությունը տարածվում է մեկ շաբաթ ուշացումով և համընկնում է Պարսից ծոցի երկրներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցին, Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների նախաձեռնությանը և Անթալիայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման անոնսին:

ՔԲԿ-ն ինքնալուծարվում և զինաթափվում է Թուրքիայի նախագահի համար բախտորոշ փուլում, երբ նրա վարկանիշը զիջում է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդի հանրային հեղինակությանը, իսկ նա նախապատրաստվում է նախագահական ընտրությունների: Հավանական է, որ ՔԲԿ ինքնալուծարումը և զինաթափումը քաղաքական ազդակ է, որպեսզի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նախընտրական դաշինք կազմի քրդամետ DEM-ի հետ: Ի՞նչ Թուրքիա կստացվի այդ դեպքում: Ըստ երևույթին, Էրդողանը մտադրված է կարգավորել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը:

Նյութի աղբյուր   https://www.1in.am/3565999.html