ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
մայիս 4, 2025 | 18:45

Տարիքը խոչընդոտ չէ անընդհատ կրթվելու համար. «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակից Նաիրա Մաթոսյան

MediaNews

«Կրթությունը նորաձև է բոլոր ժամանակներում»․ այս համոզմանն է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի 55-ամյա բնակիչ Նաիրա Մաթոսյանը։

Մի քանի մասնագիտություն ունենալով և տարբեր ոլորտներում աշխատելով՝ նա իր օրինակով ցույց է տալիս՝ տարիքը պատնեշ և խոչընդոտ չէ կրթություն ստանալու կամ այն շարունակելու համար։

Երևանի պետական տնտեսական ինստիտուտ, հայ-բրիտանական բիզնես դպրոց, ձեռներեցների դպրոց, ներդրումային դրամաշնորհների կուրսեր, կրիպտոարժույթների և ներդրումների վերաբերյալ կուրս․ սա է նրա անցած կրթական ճանապարհը։ Այժմ էլ Նաիրան որոշել է մասնակցել «Կրթվելը նորաձև է» շարժման ընթացքում անցկացվող դասընթացներին և հանդիպումներին։

«Մշտապես կրթվելու ցանկություն եմ ունեցել։ Հիմա աշխատում եմ առողջապահական ոլորտում որպես գլխավոր հաշվապահ։ Ունեմ բավականին մեծ փորձ տարբեր ոլորտներում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

«Կրթվելը նորաձև է» շարժման մասին Նաիրան տեղեկացել է համացանցից։ Վերջինս մանրամասնում է՝ դրա շրջանակներում հնարավորություն է ունեցել իր ստեղծած գյուտի մասին խոսել: Թեև նա չի ցանկանում բացահայտել գյուտի անվանումը, սակայն ասում է՝ այն վերաբերում է մեկանգամյա օգտագործման մի ապրանքի արտադրության, որը նաև մաքրություն է ապահովելու:

«Շարժման շրջանակներում տեղի ունեցած դասընթացի ավարտից հետո ինձ հետ կապվեց Լոռու մարզպետը, ասաց՝ կարող եմ դիմել, որ գյուտի իրականացումը ռեալիզացնենք։ Հույս ունեմ, որ կկարողանանք իրականացնել այն, և Հայաստանի անունը համաշխարհային հարթակներում կհայտնվի։ Ընդհանուր առմամբ մեծ բավականություն ստացա դասընթացի մասնակցությունից»,- իր տպավորություններով է կիսվում Նաիրան:

55-ամյա կինը շեշտում է՝ կրթությունն է հաջողության հասնելու հիմնաքարը․ «Կարծում եմ՝ կրթությունը ապահովում է նաև մարդու սոցիալական վիճակը, աշխատաշուկայի պահանջարկը, ինքնազարգացման հնարավորություն է տալիս։ Հիմա կրթվելը շատ հեշտ է, լայն հնարավորություններ կան՝ օնլայն, օֆլայն և այլն։ Մարդը կարող է վերցնել այն, ինչ իրեն ավելի է հետաքրքրում»։

Կրթության հետևից գնացող կինը մեծ ուշադրություն է դարձրել «կրթաշղթա» բառին, քանի որ, ըստ նրա, այն ենթադրում է շարունակականություն կրթվելու առումով։

Նյութի աղբյուր   https://medianews.site/559790/