Այստեղ ենք՝ հիշելու և ի հիշատակ Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի։ Այդ մասին Պռոշյան փողոցում կազմակերպված մոմավառության ընթացքում լրագրողներին ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«3 տարի առաջ այս օրը ողբերգական միջադեպ տեղի ունեցավ ու մեծագույն ողբերգությունը կայանում է նրանում, որ 3 տարի անցել է, ու մինչև այսօր առաջին հերթին պետք է արձանագրենք, որ չկա պատասխանատվության ենթարկված անձ, ըստ էության սպանության մեջ և չկա կայացված դատական ակտ՝ այն էլ այսպիսի պարզ ու ակնհայտ գործով, երբ առկա էր տեսանյութ ու քաղաքացիներին հենց դեպքը հայտնի էր»,- նշեց Մելոյանը։
«Այստեղ գալիս ենք պնդման, որ առաջին հերքին միջադեպը քաղաքական ուղղորդվածություն ունի և քաղաքական իշխանությունը, քանի որ հենց ինքնին դեպքը քաղաքականացված է, որովհետև Սոնա Մնացականյանը դարձավ վարչապետի ավտոշարասյան զոհը։ Ի դեպ, հանգամանքները նշենք։ Հատկանշական է, որ հենց այսօր քաղաքացու օրն է նշվում։ Քաղաքացու տոն օրը թույլատրվող տարածքով, կանաչ լույսի տակով անցնելու փորձ է կատարվել, իսկ վարչապետի ավտոշարասյունը հղի կնոջը վրաերթի է ենթարկել։ Կապ չունի, հղի կին էր էդ պահին, մարդ էր, ում իրենք հարվածել են։ Ավտոշարասյանը զուգորդում է նաև շտապօգնության մեքենան։ Որևէ մեկն էդ 10 մեքենաններից չի կանգնել, գոնե տեսնի էդ մարդու որպիսությունը»,- ավելացրեց նա։
«Նախ ընդգծենք որ կար ռադիոկապ, բայց այդ ռադիոկապի ձայնագրությունն անհետացել է և նաև մարդուն վթարի են ենթարկել և փախուստի են դիմել։ Որևէ մեկը չի ազատազրկվել։ Առաջին հերթին մենք այստեղ ենք՝ ի հիշատակ Սոնա Մնացականյան, երկրորդ, մենք այստեղ ենք նաև պահանջատեր լինելու, որ արդարությունն ու արդարադատությունը վերականգնվի և պատասխանատու անձը համարժեք պատասխանատվության ենթարկվի և երրորդ՝ կանխարգելելու նման միջադեպերը, որովհետև ցավոք արձանագրումներ ենք ունենում, թե ինչպես է այդ նույն ավտաշարասյունը մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր իրավիճակներ ստեղծում»,- ասաց Մելոյանը։