ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
ապրիլ 4, 2025 | 17:20

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի մասով որոշում կայացնելու

FACTOR

Սահմանադրական դատարանն ապօրինի գույքի բռնագանձման գործով հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին Սահմանադրական դատարանից։ Թե երբ կհրապարակվի որոշումը, դեռևս պարզ չէ, սակայն ենթադրվում է, որ որոշման կայացումն օրեր կտևի։

Նշենք, որ այս գործի քննությունը Սահմանադրական դատարանում կասեցված էր։ Մարտի 25-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ վերսկսել է գործի վարույթը։

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը  բարձրացվել է Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդի դիմումի հիման վրա։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ բարձրացվել է ոչ թե օրենքի որոշ դրույթների, այլ ամբողջ օրենքի սահմանադրականության հարցը։

Սահմանադրական դատարանի 2023 թվականի հուլիսի 7-ի աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցվել էր մինչև վերոնշյալ որոշման մեջ նշված կասեցման հիմքերը վերանալը, և Դատախազությունից, ինչպես նաև դատարաններից ապացույցներ պահանջել։

Գործի վարույթը վերսկսելու Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մեջ նշվում է, որ ստացվել են գործով պահանջված ապացույցները և դրանց վերլուծության և ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ կասեցման  հիմքերը վերացել են:

Նշենք, որ գործը ՍԴ-ում գրավոր ընթացակարգով է քննվել։ Զեկուցողը ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանն է։ 

 

Արաքս Մամուլյան

Նյութի աղբյուր   https://factor.am/877262.html